92.am - Շունը

Երեկ հաչում էր նորից հնամենի մեր բակում
Տխրության շունը,
Ու հաչոցով ասես նա իմ տան դռներն էր թակում:

Ստվերի պես ստվերիս հետևել է նա համառ՝
Տխրության շունը,
Նրան նետել եմ երգի թաց ոսկորներ անհամար:

Հոգնա՜ծ էր նա, նվաղուն, լքվա՜ծ էր նա, անոթի՜-
Տխրության շունը,
Ու հաչում էր նա ասես քաղցի այրող ամոթից:

Ողջ գիշերը նա հաչեց և' նվաց
Տխրության շունը,
Ասես դաժան երկունքի ցավով էր նա բռնված:

...
Առավոտյան արևը ծեծեց դուռ ու թթենի,
Ու վեր կացա ես,
Գրասեղանից նայեցի նոր երգիս մտերիմ:

Ու ընկել էր իմ սեմին անշնչացած,անկենդան
Տխրության շունը,
Աչքերը փակ, վայրենի, անօթևան ու հերթափ...

-
Տարեք նրան,-ասացի,-չկա' այլևս, չի' հաչի
Տխրության շունը,
Տարե՜ք, թաղեք, թող հողմը նրա վրա շառաչի: