Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 4 » Ֆուտբոլային ռեկորդներ
20:03
Ֆուտբոլային ռեկորդներ

ֆուտբոլ

Քանի որ աշխարհն ապրում է ֆուտբոլային տրամադրությամբ, մենք էլ փորձեցինք անմասն չմնալ և մեր ձևով անդրադառնալ ֆուտբոլային թեմաներին: Խոսելու ենք ֆուտբոլային ռեկորդների մասին, բայց ոչ ավանդական ամենագեղեցիկ գոլ, ամենաթանկ ֆուտբոլիստ կամ ամենամեծ ստադիոն, այլ....հիմա կտեսնեք:

1. Ամենակարճ ֆուտբոլային հանդիպումը

Հանդիպումը տեղի է ունեցել Բուլղարիայում ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում: Այն տևել է ընդամենը 4 րոպե, քանի որ, ինչպես հայտնում են աղբյուրները, խաղի սկզբից 4 րոպե անց մրցող թիմերից մեկը դաշտում ուներ ընդամենը 6 խաղացող, իսկ համաձայն տեղի կանոնների, խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերը դաշտ են դուրս եկել 7-ից քիչ խաղացողներով: Բանն այն է, որ ի սկզբանե թիմերը խաղը սկսել էին արդեն իսկ քիչ ֆուտբոլիստներով՝ յուրաքանչյուրը 8-ական խաղացողներով, քանի որ հիմնական մասը վնասվածքներ էր ստացել ու մասնակցել ուղղակի չէր կարող: Իսկ արդեն խաղի ընթացքում թիմերից մեկի 2 ֆուտբոլիստներ ևս ստացան վնասվածքներ, և քանի որ նրանց փոխարինելու հնարավորություն այլևս չկար, գլխավոր մրցավարը ստիպված եղավ դադարեցնել հանդիպումը: Ուշագրավն այն է, որ խաղն ավարտվեց 3-0 հաշվով՝ թիմերից մեկի հաղթանակով: Ա՜յ քեզ գոլառատ հանդիպում, այն էլ 4 րոպեում:

2. Ամենաերկար ֆուտբոլային հանդպիումը

Ամենաերկար ֆուտբոլային հանդիպումն էլ, հարգելիներս, տեղի է ունեցել ոչ շատ երկար տարիներ առաջ: Խաղի տևողության համաշխարհային ռեկորդը գրանցվել է Անգլիայում՝ 2013թ-ին: Հանդիպումը տեղի ունեցավ Բրիսթոլ և Լիդս՝ Բրիսթոլյան ակադեմիայի թիմերի միջև: Այն տևեց շուրջ 36 ժամ և ավարտվեց Լիդսի հաղթանակով՝ ուշադրություն, 285-255 հաշվով: Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես էին գալիս 18 հիմնական խաղացողներ, որոնցից յուրաքանչյուրը խաղաց 18 ժամ, իսկ մնացած ժամանակը նրանք իրավունք չունեին լքելու ստադիոնը կամ գնալու հանդերձարան: Հանդիպումը կազմակերպվել էր բարեգործական՝ մինինգիտի դեմ պայքարի համար հանգանակություն հավաքելու նպատակով: Խաղի ընթացքում հավաքվեց մինչև 10 հազար ֆունտ ստեռլինգ: Բրիսթոլն ու Լիդսը գերազանցեցին նախորդ՝ կանադացիների կողմից սահմանած 33.5 ժամ տևողությամբ ռեկորդը: 

3. Ամենակոպիտ ֆուտբոլային հանդիպումը

Արի ու տես, որ կարող է այնպիսի հանդիպում էլ լինել, որի ժամանակ կարմիր-դեղին քարտերի իսկական տարափ լինի: Հանդիպումը տեղի է ունեցել 1969թ նոյեմբերի 3-ին,կրկին Անգլիայում՝  Սուրրեի և Հաուլիի միջև: Նրանք իսկական չեմպիոններ դարձան խաղի ընթացքում, բայց ոչ թե հաղթանակելու, այլ ամենակոպիտ խաղ ցուցադրելու համար: Խաղի ընթացքում թիմերը ստացան 22 կարմիր քարտ: Հասկանու՞մ եք, թե դա ինչ է նշանակում. յուրաքանրյուր ֆուտբոլիստ խաղից հեռացվել է կարմիր քարտով խախտում կատարելու համար: Իսկ ամենահետաքրքիրն էլ այն է, որ խաղացողների հետ հաշիվները մաքրելուց հետո, գլխավոր մրցավարը պատժեց նաև եզրային մրցավարներից մեկին, որ փորձում էր խառնվել ֆուտբոլիստների վիճաբանությանը: Այսպիսով, դաշտը մնաց դատարկ, իսկ խաղն ավարտվեց:

4. Ամենախոշոր հաշվով ֆուտբոլային հանդիպումը:

Եվս մեկ հետաքրքիր փաստ ֆուտբոլի մասին: 2002թ-ին Մադագասկարի Թուամանիս քաղաքում ֆուտբոլային մրցաշար էր տեղի ունենում: Երկրի 4 ամենաուժեղ թիմերը ճանապարհ ընկան չափելու իրենց ուժերը չեմպիոնի կոչման համար: Այնպես ստացվեց, որ խաղի ավարտի հենց վերջին րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրընկալող թիմի՝ Օլիմպիկ լը Էմիրնի դարպասին, ինչի հետևանքով նրանք զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից: Մրցաշարի վերջին հանդիպմանը, ձախողված Օլիմպիկը պիտի ուժերը չափեր արդեն չեմպիոն դարձած Ադեմայի հետ: Խաղի մեկնարկից հետո ֆուտբոլիստները, հետևելով մրցավարի հրահանգներին և ցանկանալով արտահայտել իրենց բողոքը անարդար մրցավարության դեմ, սկսեցին ամեն 36 վայրկյանը մեկ ինքնագոլ գրանցել: Ադեման մյուս կիսադաշտից լուռ հետևում էր վերջիններիս տարօրինակութանը: Արդյունքում խաղն ավարտվեց 149-0 հաշվով: Սա համարվում է ամենախոշորը ֆուտբոլի պատմության մեջ: Բայց եթե համարենք, որ սա չի գրանցվել ուժային պայքարում, ապա խոշոր հաշվով խաղ կարող ենք համարել 1885թ-ին  Շոտլանդիայի գավաթի մրցաշարի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներից մեկում գրանցված հաշիվը, որի ժամանակ հանդես էին գալիս Արբոաթն ու Բոն Ակկորը: Խաղն ավարտվեց 36-0 հաշվով՝ Արբոաթի մաքուր հաղթանակով: 

Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 4559 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]