Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 22 » Մոնթե (Monte)
20:21
Մոնթե (Monte)
Monte Melkonyan
 Մոնթե...Այս անունը միայն բավական է հասկանալու համար, թե ինչ մեծության մասին է խոսքը: Ով է նա և որտեղից է գալիս, ու ամենակարևորը, ինչու է գալիս: Հարցեր, որոնց պատասխանները թերևս շատերս պիտի որ իմանանք, իսկ նրանք, ովքեր ԴԵՌ չեն ճանաչում Մոնթեին, այո ԴԵՌ, քանի որ հավատում եմ, որ նրան չճանաչելը ժամանակի հարց է, հորդորում եմ կարդալ Մոնթե Մելքոնյանի մասին պատմող փոքրիկ նյութը:
Մոնթե Մելքոնյանը կամ Մոնթե «Ավո» Մելքոնյանը ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վիզալիա քաղաքում 1957թ նոյեմբերի 25-ին: Ստացել է թե միջնակարգ, թե բարձրագույն կրթություն, մասնագիտությամբ եղել է հնագետ,
ուրարտագետ և ուսումնասիրել է Ասիայի պատմությունը: Հեռվից հեռու ամեն կերպ կապված է եղել հայրենիքին, ու օտար հողում ծնվելու հանգամանքն անգամ ոչ մի կերպ չի անդրադարձել նրա հայրենասիրական ոգու վրա: Այդ է պատճառը, որ թողնելով ամեն-ամեն ինչ, շտապեց հայրենիք`օգնության ձեռք մեկնելու կյանքի ու մահու կռիվ տվող իր հայրենակիցներին:
 Ինչ սխրանքներ է գործել Մոնթեն հայրենիքում: Նախ, ամենաառաջինը, որ եղել է Արցախյան կամ ինչպես շատերին է հայտնի Ղարաբաղյան պատերազմի ամենաակտիվ մասնակիցներից մեկը (ինչու Արցախյան պատերազմ այլ ոչ Ղարաբաղյան, քանի որ երբեք չեմ ընդունել ու չեմ ընդունում այդ անվանումը, որը հայկական չէ:Մեր հողի մաքուր հայերեն անվանումը հենց Արցախն է, ուստի եկեք պահպանենք ՀԱՅԿԱԿԱՆԸ, ու թող ոսոխը սահմանից այն կողմ երբեք ու երբեք իրեն լավ չզգա հայի բերանից թուրք-թաթարական ծագման այդ բառը լսելիս), հետո Լեռնային Արցախի հայ ուժերի հրամանատարներից մեկը, ապա նաև 
ՀԱՀԳԲ-ի (ASALA)-ի անդամ ու «ԱՍԱԼԱ-Հեղափոխական շարժման» հիմնադիրը:
 Հենց 90-ականներին էլ եկել է Արցախ ու միանգամից մասնակցել Բուզլուքի , Մանաշիդի, Էրկեջի մարտերին: Մոնթեի ունեցած հաջողությունների ու ունակությունների համար էլ նրան առանձին զորախումբ հանձնվեց, որով նա հերոսական մարտեր մղեց ադրբեջանական ուժերի դեմ Արցախի հարավային դարպասների մոտ`Մաշկալաշենում: Հետագայում կռվել է նաև Մարտունու շրջանում:
Եվ համաձայնեք, ինչպես այս մարդուն կարելի է չհամարել հերոս: Նա մահացավ կռվում`հերոսին վայել հերոսական մահով, իր հայրենիքում, ընկերների հետ ու նրանց կողքին:
Մոնթեն ամենուր էր...Նա կարծում էր, որ իրենց հաջողության բանալին
«Տ-72» տեսակի տանկերի մեջ է, ուստի , երբ հայկական ուժերը վերցնում էին հերթական ադրբեջանական տանկը, Մոնթեն միանգամից շտապում էր այն զննելու: Հենց այդ գործով էլ 1993թ հուլիսի 12-ին Մոնթեն շտապում էր ժամ առաջ հասնելու Մարզիլ գյուղ: Հենց այստեղ էլ նրանք բախվեցին ադրբեջանցի զինվորների հետ, որի արդյունքում էլ գլխի ծանր վնասվածքի հետևանքով Մոնթեն մահացավ: Մոնթեի եղբայր Մարգարը պատմել է, որ կրակոցների ու պայթյունների հետևանքով փլվում է բնակելի տան պատը, որի հետևում թաքնված էին Մոնթեն իր մի քանի համախոհների հետ, ու պատից մի մեծ բեկոր ընկնում է Մոնթեի գլխին: Ահա այպիսի մահ ունեցավ մեր ՀԵՐՈՍ Մոնթեն, որ մահացավ ոչ թե թշնամու արձակած գնդակից, այլ քարի ծանր հարվածից, բայց մահացավ կռվում, մահացավ պայքարի մեջ, մահացավ հերոսաբար: Նրա մարմինն ընկերները հասցրին Մարտունի: Այժմ նա հանգչում է Եռաբլուրում:
Մոնթեն հետմահու ստացել է
«Արցախի հերոսի», «Ազգային հերոսի» կոչում ու «Ոսկե արծիվ» պատվանուն:
 Հուսամ`նյութից հետո ինչ-որ մի բան ձեր մեջ շարժվեց, փոխվեց, հետաքրքրություն առաջացավ: Ի դեպ, նշեմ, որ գոյություն ունի նաև Մոնթեի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որ կոչվում է
«Ցեղին սիրտը»: Ֆիլմը էկրաններին է բարձրացել 2007թ.:


Բաժին: Օգտակար | Դիտել են` 859 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Վարկանիշ` 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]