92.am - Բալլադ Շալոյի և առաջին սիրո մասին

1
Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Ծածկվում էր տատիս հին շալով:

Ես հանում էի մեր հին գզրոցից
Գույնզգույն լաթեր ու սրամա,
Զարդարում էի պոչից մինչև վիզ
Ու տանում դաշտերը նրան:

Չալոն քայլում էր պչրուհու նման,
Սլվլուն պոչը բռնած ցից,
Քսվում էր ոտիս, մռռում էր մռայլ,
Մռռում էր հպարտ հաճույքից:

Տուն էի բերում մութ փողոցներով,
Շների աչքերից անտես.
Դանդաղ իջնում էր կապույտ երեկոն Ու ծածկում սար ու դաշտեր:

Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո.
Ընկնում էր ոտիս, աչքը փակում էր,
Բայց բանը վերջացավ չարով:

Գաղթի մութ ճամփին կորավ իմ շունը,
Ո՞վ գիտե՝ ո՞ր ձին կոխոտեց... Շուրջս մեռնում եր վերջին աշունը, Չմնաց ինձ ո'չ մի ընկեր...
3
Մի աղջիկ եղավ իմ երկրորդ սերը,
Խաժ աչքով աշխույժ մի աղջիկ,
Ոսկեգույն էին նրա մազերը
Ու բուրում էին դարչին:

Մի օր միասին գնացինք այգի,
Հուլիսյան գիշերն էր նազում.
Նա չալ-չալ շորեր ուներ իր հագին,
Իսկ այգում՝ խաղողն եր հասնում:

Նստեցինք մենք թավ որթնատունկի տակ,
Նա դրեց գլուխը ծնկիս,
Ես շոյում էի նրա վիզը տաք
Ու նայում մշուշված դեմքին:

Օ, սե'ր իմ, սե'ր իմ...-ինձ հառել էին Բիբերը նրա մլարուն.
-
Չալո'ն է նայում նրա աչքերից,
Չալոն է տխուր նայում:

Անուշ նազում են որթատունկերը,
Իսկ հետո անձրևն է խշշում.
Քեզ չեմ մոռացել կորած ընկե'րս.
Քեզ չեմ մոռացել, իմ շո'ւն....
. . . . . . . .
. . . . . . . .
Օրերի հեռվում նրա հաչոցը
Հնչում է կարծես լալով...

Չալոն իմ շո'ւնն էր, չալ-չալ աչքո'ւն էր:
Չալոն չքնաղ էր , պայծառ Չալո...