92.am - Հոգեհանգիստ
Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,
Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով
Մարած են, մեռած, փըռված ու ցըրված հազար հազարով...

Ու կըրակ առա հայոց հրդեհի կարմիր բոցերից,
Էն խաղաղ ու պաղ երկնքի ծոցում վառեցի նորից
Մասիսն ու Արան, Սիփանն ու Սըրմանց, Նեմրութ,
Թանգուրեք,
Հայոց աշխարհի մեծ կերոնները վառեցի մեկ–մեկ,
Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,
Անհաս, աննըվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գըլխի վերև...

Կանգնեց խոժոռ, մենակ ու հաստատ, Մասիսի նըման,
Կանչեցի թըշվառ էն հոգիներին՝ ցըրված հավիտյան
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ։
— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...

Աջիցըս Եփրատ, ձախիցըս Տիգրիս՝ ահեղ ձեներով,
Սաղմոս կարդալով՝ անցան, գընացին խոր-խոր ձորերով,
Ամպերն էլ ելան Ձիրավի ձորից, հըսկա բուրվառից,
Ճանապարհ ընկան Ծաղկանց սարերից, Հայկական պարից,

Բույլ-բույլ, բուրավետ, շարժվեցին դեպի կողմերը հեռու,
Գոհար ցողելու, ծաղկունք բուրելու, բուրմունք խընկելու
Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև Ծովն Հայոց,
Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ...
— Հանգեք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր
և անշահ...
Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կը մնա...