Իմ քաղցրանուն,
Իմ բարձրանուն,
Իմ տառապած,
Իմ փառապանծ:

Հների մէջ՝ դու ալեհեր,
Նորերի մէջ՝ նոր ու ջահել.
Դու խաղողի խշմարուած վազ,
Վշտերըդ ջուր, ինքդ աւազ:

Դու՝ բարդենի սաղարթաշատ,
Առուն ի վար փռուած փշատ:
Դու՝ կիսաւէր ամրոց ու բերդ,
Մագաղաթեայ մատեանի թերթ:
Դու՝ Զուարթնոց – աւէր տաճար,
Կոմիտասեան Ծիրանի ծառ:
Դու՝ ջրահաց խորունկ ձորում,
Դու՝ հորովել անուշ ծորուն,
Փայլ գութանի արծաթ խոփի:
Դու՝ նետ, նիզակ, մկունդ կոպիտ,
Դու՝ հայրենի ծխանի ծուխ,
Դու՝ անգիր վէպ, դու՝ Սասնայ ծուռ…

Իմ փառապանծ,
Իմ տառապած,
Իմ բարձրանուն,
Իմ քաղցրանուն:

Դու՝ մրգերի շտեմարան,
Ոսկեվազեան գինու մառան:
Դու՝ թավշէ դեղձ, դու՝ փրփուր հաց,
Արտաշատեան խաղող սեւաչ:
Դու՝ Սեւանի վառուող կոհակ,
Երեւանի սիւն ու խոյակ:
Դու՝ հանգրուան, կանչող փարոս,
Դու՝ հայկական գերբ ու դրօշ:
Խօսուն վկայ կոտորածի
Ու վճիտ աչք ցամքած լացի:

Արդարութեան ահեղ ատեան,
Սրի պատեան,
Սիրո մատեան՝
Միշտ հին ու նոր իմ Հայաստան: