Գլխավոր էջ » 2010 » Սեպտեմբեր » 14 » Ծախսեր,ծախսեր ու էլի ծախսեր...(expenses...)
21:53
Ծախսեր,ծախսեր ու էլի ծախսեր...(expenses...)

ծախսեր

Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է` տոն բոլոր դպրոցականների, ուսանողների, ծնողների և ուսուցիչների համար:  Սակայն այս տոնական օրը ծնողների համար նաև առաջիկայում սպասվող խոշոր ծախսերի ահազանգ է:Երևանի բնակիչ տիկին Նորան 2 դպրոցահասակ երեխա ունի, ավագ աղջիկն արդեն երրորդ դասարանում է, իսկ կրտսերն այս տարի առաջին  դասարան է հաճախելու: «Ծնողի համար երջանկություն է երեխային առաջին անգամ դպրոց ուղարկելը, տեսնել, թե ինչպես է կրթվում ու աստիճանաբար հասուն մարդ դառնում,- ասում է Նորան,- միայն թե ծնողի ուրախությունը խամրում  է, երբ հարցը հասնում է ֆինանսական խնդրին»:Արդեն 2 տարվա փորձ ունեցող Նորան այս տարի իր դպրոցահասակ երեխաների համար գնումներ է կատարել դեռևս օգոստոսի սկզբին. այսպես նախադպրոցական ծախսերն ավելի քիչ են: «Օգոստոսի սկզբին դպրոցական պայուսակը գնել եմ 2500 դրամով, հիմա նույն պայուսակներն արդեն  հինգ հազար դրամ արժեն: Շատերի համեմատ ես շահեկան վիճակում եմ»,- ասում է Նորան:Չնայած  վաղաժամ կատարված գնումներին` Նորան յուրաքանչյուր երեխայի դպրոցական հագուստի համար ծախսել է 30 հազար դրամ: «Գնել եմ ամենաէժանը, որ հնարավոր է գտնել: Ամեն երեխայի համար գնել եմ  մեկ շալվար և վերնաշապիկ, պայուսակ, կոշիկ ու կից մանր-մունր պարագաներ: Ոչ մի ավելորդ իր չեմ գնել ու ծախսել եմ 60 հազար դրամ, մինչդեռ իրական ծախսերը կսկսվեն սեպտեմբերի 1-ից հետո»:Մարտունու տարածաշրջանի բնակիչ տիկին  Զաբելան էլ ունի 3 դպրոցահասակ երեխա. ավագ որդին սովորում է 10-րդ , դուստրը` 8-րդ, իսկ կրտսեր որդին` 2-րդ դասարանում: Զաբելան 3 երեխաներին դպրոցի նախապատրաստելու համար ծախսել է 110 հազար դրամ: «Գնումները Երևանում կատարեցի, քանի որ այստեղ տեսականին ավելի մեծ է, գինն էլ` համեմատաբար մատչելի: Շքեղություն թույլ չեմ տվել: Ամեն երեխայի համար գնել եմ հագուստ, որով սեպտեմբերի 1-ից դպրոց պիտի հաճախի: Մինչդեռ այդ հագուստն ընդամենը սեպտեմբերի առաջին տասնօրյակի համար է, հետո մեզ մոտ սկսվում են ցուրտ եղանակները»:

Զաբելան նշում է, որ հիմա էլ մտահոգությունը երեխաների գրենական պիտույքներն են: «Սարսափով եմ մտածում, որ գրենական պիտույքների համար ծախսը հաստատ կգերազանցի 30 հազարը, մինչդեռ այդքան եմ նախատեսել,- ասում է Զաբելան ու հավելում, որ գումարի զգալի մասը ծախսվում է աշխատանքային տետրերի վրա,- նախկինում միայն գրքի համար էինք վճարում, իսկ տետրերը սովորական, խանութից գնված տետրեր էին, ինչը համեմատաբար տանելի էր ծնողի համար»:

Զաբելան նշում է, ու հիմա ծնողը ստիպված է գրքերի արժեքի կրկնակի չափով ծախսել  աշխատանքային տետրերի վրա, որոնք շատ դեպքերում այդպես էլ տարվա ընթացքում չեն օգտագործվում  կամ, լավագույն դեպքում, ուսուցիչը միայն  առաջին երկու ամիսներին է հետևում, որ երեխաները լրացնեն այդ տետրերը: Զաբելայի կարծիքով` ծնողներին այդքան մեծ ֆինանսական խնդիրներ պատճառող աշխատանքային տետրերն անիմաստ են և երեխաներին հավելյալ գիտելիքներ չեն տալիս. «Կնախընտրեի, որ խորհրդային տարիների նման ուսուցիչը աշակերտին տար հստակ առաջադրանք և խստիվ ստուգեր, որ երեխան կատարեր տնային առաջադրանքները»:

Զաբելան նշում է, որ իր ամուսինը գոնե աշխատում է, բայց, միևնույն է, մեծ դժվարությամբ են կարողանում դպրոցի ծախսը հոգալ, մինչդեռ բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք գոնե մեկ աշխատող էլ չունեն:

Նախադպրոցական ծախսերին հաջորդում են բուն դպրոցական` դասագրքերի և գրենական պիտույքների համար կատարվող ծախսերը:

Դասագրքերի շրջանառու հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանն ասում է, որ դպրոցի տարրական` 1-4-րդ  դասարաններում աշակերտներին դասագրքերը պետք է տրամադրվեն անվճար, բացառությամբ ռուսերենի, անգլերենի և երգ-երաժշտության   դասագրքերի, որոնց համար ծնողներից գանձվում է տարեկան վարձավճար: Միջին և ավագ դպրոցում յուրաքանչյուր դասագրքի համար գանձվում է 250-480 դրամ, ինչը կազմում է գրքի ինքնարժեքի 1/4-ը   /գրքերը որպես կանոն դպրոցում օգտագործվում են 4 տարի ժամանակով/:

Բազմաթիվ ծնողներ փաստում են, որ հաճախ դպրոցում համապատասխան դասագիրք չի լինում, հատկապես տարրական դասարանների անվճար տրամադրվող դասագրքերը,  և իրենք ստիպված են լինում գնել այն: «Անցած տարի  2-րդ դասարանում սովորող աղջկաս համար ստիպված մաթեմատիկայի գիրք եմ գնել, քանի որ դպրոցում չկար, իսկ մի շարք գրքերի համար էլ գումար եմ վճարել` 500-ական դրամ»,- ասում է տիկին Նորան, ում դուստրը սովորում է Երևանի թիվ 158 դպրոցում:

Այժմ արդեն դպրոցական գրեթե բոլոր առարկաների համար կան աշխատանքային տետրեր և գործնական աշխատանքների տետրեր: Դրանք կազմվում ու հրատարակվում են մասնավոր անձանց  ու ընկերությունների կողմից և Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) կողմից հավանության արժանանալու դեպքում նոր միայն կիրառվում դպրոցներում: «ԿԱԻ-ն միայն հաստատում է այդ տետրերը, սակայն դրանց գնագոյացման հետ որևէ կապ չունի: Գինը որոշում են հրատարակիչները՝ ինքնածախսածածկման սկզբունքով»,- ասում է ԿԱԻ հանրակրթության կառավարման և բովանդակային նորմատիվների բաժնի վարիչ Արմեն Հովսեփյանը` հավելելով, որ որպես ծնող կարծում է, որ 350 դրամը բարձր գին է աշխատանքային տետրերի համար:

«Անկախ»-ի թղթակիցը մի շարք գրախանութներում ուսումնասիրություն կատարելուց հետո պարզել է, որ գործնական աշխատանքների և աշխատանքային տետրերի գինը հիմնականում 300-400 դրամ է, գերակշռում է 350 դրամ արժեքը: Ընդ որում, աշխատանքային տետրերը 2 մասից են բաղկացած` 1-ին և 2-րդ կիսամյակների համար:

Այսպիսով, օրինակ, 8-րդ դասարանցի երեխա  ունեցող ծնողը  գրենական պիտույքների վրա կկատարի հետևյալ ծախսերը. 8-րդ դասարանում ուսումնասիրում են 17 առարկա` 19 դասագրքով: Այսինքն ծնողը 5700 դրամ կվճարի միայն գրքերի համար, դրանից բացի, 6000 դրամ` աշխատանքային տետրերի և 6000 դրամ էլ գործնական աշխատանքի տետրերի համար: Այս ամենից բացի, ծնողը նաև պետք է ընթացիկ աշխատանքային սովորական տետրեր գնի` ամեն առարկայի համար գոնե մեկ  հատ, ինչը կկազմի 3400 դրամ:  Արդյունքում ստացվում է, որ մեկ երեխայի գրենական պիտույքների ծախսը կազմում է 21 100 դրամ:

Փաստորեն, մեկ երեխային սեպտեմբերի 1-ին դպրոց ուղարկելու համար ծնողը պետք է ունենա առնվազն 50 հազար դրամ, այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 30 հազար դրամ, իսկ ընտանիքների մեծամասնությունն էլ ունի 1-ից ավելի դպրոցական երեխա:  Հետևաբար, ստացվում է, որ  ծնողն իր երկու ամսվա աշխատավարձն ամբողջությամբ պետք է տրամադրի  միայն մեկ երեխային դպրոց ուղարկելու համար:

Բաժին: Դպրոցական | Դիտել են` 1258 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Expenses... | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]