Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 27 » Սուրբ Հարություն կամ Զատիկ
15:11
Սուրբ Հարություն կամ Զատիկ
pasxa
Սուրբ հարության պատմությունը: Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:
Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով, և ասում.
-Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ:
 Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց:

    Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում:
Տոնը հայության շրջանում:Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը Հայ առաքելական եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի:
Սուրբ հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաև  Զատիկ,որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:
  Առաջինը` Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծու խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը,փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի Զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության:
  Երկրորդը` Քրիստոսի հարությունն է: Աստծու Որդին՝ իբրև Գառն Աստծու, իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝արժանի դարձնի հավիտենական կյանքին:
«Ահա գառն Աստծու, որ վերցնում է աշխարհի մեղքը»: Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան պարտության
«Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը»:

Կարմիր ձուն`Սուրբ հարության խորհրդանիշ:
 Զատկի տոնին հավատացյալները խոտ են աճեցնում,ձու են ներկում,իսկ երեխաները խաղում են դրանցով`հարվածելով միմյանց
Ավանդության համաձայն՝ Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու: Նա ներկայանում է Տիբերիոս կայսրին, վկայում իր քրիստոնեական հավատը և կայսրին է նվիրում կարմիր ներկած մի ձու՝ ողջունելով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից»:
 
Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար:
Սուրբ Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է աշխարհի, և ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, և սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է»: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:



Բաժին: Օգտակար | Դիտել են` 3925 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Surb Harutiun | Վարկանիշ` 0.0/0
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]