Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 24 » Հիշում ենք,վերապրում ենք,դատապարտում ենք...(Հայոց ցեղասպանություն)-Ceghaspanutyun-Armenian Genocide
16:51
Հիշում ենք,վերապրում ենք,դատապարտում ենք...(Հայոց ցեղասպանություն)-Ceghaspanutyun-Armenian Genocide

Ցեղասպանություն 1915

 

Ապրիլի քսանչորս: Երկու հազար տասներեք թվական:Հայաստան: Այսօր մի ծաղիկ վերցրած շարժվում եմ դեպի Ծիծեռնակաբերդ: Ճանապարհին խոհերը պատում են ինձ:Նայում եմ կողքովս քայլող յուրաքանչյուրին: Ոմանք ժպտում են,ծիծաղում,չեն հասկանում,թե ուր են գնում,ոմանք էլ սրտի խոր ցավով գնում են հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Իսկ դուք գիտեք,թե ինչերի միջով են անցել մեր նախնիները,որ հենց իմ և քո հարազատներն են:Կասես,թե գիտես,պատմական փաստեր ու անգիր արված նախադասություններ կբերես: Բայց մի պահ մի կողմ նետիր այդ կաղապարված բառերն ու սառը վիճակագրությունները.հեշտ է դրանք մի թեթև շարժումով դրոշմել թղթին:Մի պահ փորձիր ապրել սրտով,զգայարաններով:

Հաճախ բողոքում ենք,նեղանում ենք կյանքից,թե ոչինչ չկա,ամեն ինչ դաժան է,անարդար:Բայց ինչ ենք տեսել մենք,մենք`դեռափթիթ պատանիներս,ինչ դժվարությունների միջով ենք անցել կամ ինչ անարդարություններ ենք տեսել: Դրանք սոսկ կյանքի անքակտելի մասնիկներն են,որոնց հանդիպում է աշխարհ եկած յուրաքանչյուր մահկանացու`առանց ազգային ու կրոնական տարբերության: Իսկական դաժանությունն ու անարդարությունը տեղի ունեցան դեռ 99 տարի առաջ:Հայկական լեռնաշխարհը ոռնաց ցավից.նախճիրը կուլ տվեց հայի հոգին: Վերացան առժամանակ ծիծաղը,ուրախությունը:Ժամանակը կանգ առավ:Ողբի մշուշը պատեց հայրենիքիս զուլալ երկինքը`սևացնելով հայուհուս լազուր աչքերը:

Ողբա,Արարատ,լաց եղիր,Արաքս,ըմբոստացիր,Սևան,ծառս եկ,Վանա ծովակ.արիական ազգդ կոտորված է

Ինչով էր մեղավոր հայ մանուկը,որ իր իսկ աչքերով տեսավ այդ ոճիրը:Կարող ենք արդյոք մենք համեմատվել նրանց հետ:Նրանք իսկապես տիտանյան Հայկի ժառանգներն են,քանզի ամեն մեկը չի կարող շարունակել ապրել`տեսնելով հարազատի անտանելի վախճանը:Մի հասարակ ֆիլմ ենք դիտում ու չենք կարողանում հանգիստ քնել:Իսկ նրանք ապրել են,հասկանում եք,ապրել:Ինչպես ես դու,ով հայ մանուկ,փակել աչքերդ ու քնել,ինչպես ես կարողացել ժպտալ:Տեսել եք դուք նրանց հայացքները:Սարսափել կարելի է:Վրեժի,ցավի անհագ ցանկությունը ծորում է նրանց աչքերից:Նրանք փակեցին իրենք հոգին երկաթե սունդուկի մեջ ու բանալին դեն նետեցին,ապրելու միակ միջոցը թերևս այս էր`չզգալ ոչինչ,չհիշել:Բայց ինչպես չհիշել:Այդ անհնար է:Մեկ դար է անցել,բայց եղեռնից փրկվածները ապրում են մեզ հետ,մեր կողքին:Միայն իրենց հայացքից կարելի է ճանաչել նրանց:

Իսկ ինչ գիտի այսօր թուրք հասարակությունը նրանց մասին:Ոչինչ:Կրկին տպված սև տառեր,տվյալներ,մեկը մյուսին հակասող պնդումներ:Թուրքիան տեղահանություն,այն էլ <<կազմակերպված տեղահանություն>> է որակում այս հանցագործությունը,գրքեր է տպագրում ընդդեմ ցեղասպանության,ապացուցում է,թե իբր հայերն են կոտորել իրենց,և ներողություն են պահանջում:Կտրիր ձայնդ,ոճրագործ,ոչինչ չի կարող փոխարինել ամեն ինչ տեսած ու զգացած հայ մոր մի կաթիլ արցունքը: Հպարտորեն ու արժանապատվորեն ընդունիր մեղքդ,ընդունիր,որ պարտված ես ու փոխհատուցիր:Չնայած ինչ եմ պահանջում քոչվորից:Միայն զտարյուն ազգն է ունակ ներելու ու պարտությունն ընդունելու:Հիմա եկել,մեր հողերի վրա մարդ ես դարձել,բայց չես էլ ուզում ընդունել,որ պատմությանդ գրքի մի էջը պատռելով չես կարող խափել աշխարհին:1915թվականի էջը պատռված է,բայց ոչ մեր գրքից:Այն այնտեղ է ու միշտ էլ կմնա:Համոզված եղիր:

Այսօրվա թուրք ազգին ես չեմ մեղադրում ու չեմ էլ կարող,քանի որ նրանք մեղավոր չեն,որ իրենց պապերը արյունռուշտ էին:Բայց դուք,քսանմեկերորդ դարի թուրքեր,կարող եք ուղղել նրանց սխալը: Դուք մեծացել եք հայից բռնազավթված տանը,այն տանը,ուր մի ժամանակ հայոց լեզվով օրոր է հնչել ու հայ մանկան ճիչ է հնչել:

Մի պահ փորձեք մտածել,գուցե ձեր երակներով էլ այսօր հայի մի կաթիլ արյուն է հոսում: <<Հայ>> բառը ձեզ դեռ երկար է հետապնդելու...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտել են` 1668 | Ավելացրել է Աննա-Էքիզյան | Տեգեր Armenian Genocide | Վարկանիշ` 5.0/2
Բոլոր մեկնաբանությունները: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.Մեկնաբանել կարող են միայն գրանցված անձինք:
[ Գրանցում | Մուտք ]