Գ. Մահարի

Մահարի (Աճեմյան) Գուրգեն Գրիգորի [1.8.1903, Վան - 16.7.1969. Պալանգա (Լիտվա), թաղված է Երևանում], գրող: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965): 1915-ից ապաստանել է Դիլիջանի և Երևանի որբանոցներում: Սովորել է ԵՊՀ-ում: 1936-ին անհիմն բռնադատվել է և աքսորվել (մինչև 1947-ը, Երկրորդ անգամ՝ 1949-54-ին) Սիբիր: Հեղինակ է քնարաշունչ բանաստեղծությունների, բալլադների, պոեմներիՏիտանիկ», 1924, «Երկու պոեմ», 1926, «Բարդիներ», 1927), պատմվածքներիՍիրո, խանդի և Նիցցայի պարտիզպանների մասին», 1929, «Զիգզագներում», 1931, ժողովածուներ): 1930-ին հրատարակվել են Մահարու կենսագրական եռերգության առաջին երկու գրքերըՄանկություն և պատանեկություն»), 1956-ին՝ երրորդ գիրքըԵրիտասարդության սեմին»): Լույս են տեսել Մահարու բանաստեղծությունների՝ «Հնձաններ» (1959), պատմվածքների՝ «Լռության ձայնը» (1962) ժողովածուները և «Այրվող այգեստաններ» (1966) վեպը, որտեղ պատկերված է Վանի հայության կյանքը Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) առաջ, տեղահանության ու գաղթի ժամանակ: Մահարին գրել է նաև «Չարենց-նամե» (1968) և «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971) դիմանկարային-հուշագրական գրքերը: «Ծաղկած փշալարեր» (1988) վավերագրական վիպակը պատկերում է խորհրդային իշխանության տարիներին բռնադատված մարդկանց կյանքը սիբիրյան ճամբարներում:

Աղբյուր՝ <<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր երկրորդ, էջ 22: