Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուբան,
Օրհնյալ է Աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատա՜ղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք․
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտա՛ղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գընաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մընաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության,
Ի՞նչ տամ կոռին ու բեգյարին․․․
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է Աստված, հորովե՜լ։