Արևավոր,արևավոր իմ սերերին,
Իմ հույզերին արևավո'ր ու նո'ր, ու նո'ր
Իմ լույսերին ու լուսավոր իմ հույսերին,
Ընկուզենու'ն լայնասաղարթ, օրո'ր, օրո'ր,
Օրոր, օրոր:

Օրոր մարգին, արտույտներին, ծառին, ձորին,
Կածաններին իմ մենավոր, կանաչ բարդուն,
Օրոր, քնքուշ իմ աքասի', օրոր, մորի՜,
Օրո'ր սարին, հանդին, արտին, օրո'ր մարդուն,
Օրոր, օրոր:

Շամբուտներին ու ամպերին մութ ու անձրև,
Անտառներին, արոտներին քամուն, քարին,
Օրո'ր սրտին իմ՝ արտի պե'ս անձրևածեծ,
Օրո'ր սրտին՝ վարդերի պես արնակարմիր,
Օրոր, օրոր:

Օրոր նրանց՝ արևային երգիչներին,
Որոնք մի օր երգ երգեցին ու անց կացան,
Կարդացողին օրոր, սրտոտ ու մտերիմ,
Կարդացողին, որ եղել է, հիմա չկա,
Օրոր, օրոր: