15:19 Քաղաքի պատմական անցյալը (Erebuni-Yerevan) | |
Չզարմանաք, եթե փողոցներում տեսնեք եռագույնով ներկված մարդկանց հոծ բազմություն: Նրանք շարժվում են դեպի իրենց մայրաքաղաքի սիրտը` ՀՀ հրապարակ`տոնելու մեր և ձեր ամենասպասված տոնը`Երևանի հիմնադրման 2795 ամյակը: Իսկ ի՞նչ պատմական ճանապարհ է անցել ներկայիս Երևանը: Եկեք ծանոթանանք մեր քաղաքի պատմությանը: Էրեբունի-Երևան: Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի 1-ի օրոք, այժմյան Երևանի հարավ-աևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի 1-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։
Էրեբունու եռանկյունաձև հատակագծով միջնաբերդը կառուցվել է Արին-բերդ բլուրի գագաթին, ունեցել է հարմար ստրատեգիական դիրք և պաշտպանվել հզոր բերդապարիսպներով, որոնք մուտքից աջ` հարավ-արևելյան հատվածում, կազմում են երեք շարք և վարպետորեն կապված են տեղանքի զառիթափ լանջին։ Բերդապարիսպների, ինչպես և միջնաբերդի մյուս կառույցներում կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։ Երբեմնի 10-12մ բարձրությամբ պատերից պահպանվել են 5-6մ, որոնք հնարավորություն ընձեռեցին ստույգ և լիակատար ուրվագծել միջնաբերդի ընդհանուր հատակազիծը, վերականգնել նրա ծավալատարածական առանձին հատվածները, կառույցների նախնական ձևերը, որոշ մանրամասներ, ինչպես նաև որմնանկարները: Միջնաբերդն ունեցել է որոշակիորեն արտահայտված երեք հիմնական մասեր՝ պալատական, պաշտամունքային և տնտեսական։ Էրեբունիի Արարատին և Արագածին նայող կողմերը միջնաբերդի պաշտոնական, հանդիսավոր մասն են։ Այստեղ էին տեղավորված ընդարձակ պալատը, Խալդի աստծո մեծ տաճարը, մոնումենտալ կառույցները։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը, պալատի հզոր պատերով ու տաճարի շքամուտքի փայտյա նրբագեղ սյունաշարի զուգորդումով։ Միջնաբերդը, ուր զինվորական կայազորն էր, հարմարեցված էր երկարատև և հուսալի պաշտպանության: Այդ են վկայում հացահատիկի մեծ տարողության շտեմարանները, որոնք հայտնաբերվել են այստեղ։ Միջնաբերդի կառույցներից ամենամեծը պալատն էր, որի շքամուտքի արձանագրությունն ասում է. «Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին այս հոյակապ պալատը կառուցեց»: Պալատն ուներ մի շարք խոշոր դահլիճներ, երկու բակ, որոնց շուրջը տեղավորված էին տարբեր նշանակության սենյակներ, իսկ թևերից մեկում գտնվում էր պալատական տաճարը «Սուսի» անվամբ։ Տաճարի առաջ, բակի միջին մասում, զոհատունն էր։ Պալատի ամենամեծ դահլիճը, որը երկայնական առանցքով ուներ հինգ սյուն, նախատեսված էր, ընդունելությունների և հանդիսավոր արարողությունների համար։ Դահլիճի մոնումենտալ ձևերը լրացվել են ճոխ որմնանկարներով, որոնք պատկերում են աշխարհիկ (որսի տեսարաններ, հողի մշակում, խաշնարածություն) և պաշտամունքային թեմաներ։ Որսի տեսարանում պատկերված կենդանիների սրընթաց վազքի և մյուս նկարները պատկերացում են տալիս արվեստի ռեալիստական բնույթի մասին։ էրեբունիի պալատի արգիշտյան մասը, որ հինավուրց ժամանակներում ամբողջովին ծածկված է եղել հոյակապ որմնանկարներով, ուրարտական արվեստի նշանավոր ստեղծագործություններից է։ Նշանակությունը: Քաղաքը խոշոր ռազմա-ստրատեգիական հենակետ էր,ինչպես նաև թագավորության երկրորդ տնտեսական,մշակութային ու քաղաքական կենտրոնն էր:
| |
|
Բոլոր մեկնաբանությունները: 4 | |||
|